Ազատության հրապարակում ԱԺ չորս քաղաքական ուժերի այսօր հրավիրած հանրահավաքի մասնակից ԿԳ նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանից փորձեցինք իմանալ, թե հնարավոր ինչ արդյունքներ կարող է տալ սոցիալական խնդիրների շուրջ ժողովրդին համախմբելու այս փորձը:
«Վերջին տարվա ընթացքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են կենսաթոշակային բարեփոխումներին, պարտադիր ապահովագրությանը, գազի գնի բարձրացումը դժգոհություններն են առաջացրել հասարակության տարբեր շերտերում: Եվ այդ շերտերն իրենց դժգոհությունը ժայթքելու, արտահայտելու տեղ են փնտրում: Բնականաբար, չորս քաղաքական ուժեր իրենց տարաձայնությունները թողել են մի կողմ և կոնկրետ մի հարցի շուրջ են համախմբվել: Այստեղ ներկա է հիմնականում երիտասարդ, կարող ուժը, որն իր աշխատանքի հետագա ապահովման համար է պայքարում: Սա այն սերունդն է, որը չի մտածում երկրից հեռանալու մասին, այլ՝ փորձում է պաշտպանել իր իրավունքները»,- ասաց Բագրատ Եսայանը: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ազատության հրապարակում է հավաքվել ոչ միայն դժգոհ զանգվածը, այլև՝ ապահովված խավը, որը դուրս է եկել՝ պաշտպանելու իր իրավունքները: Սրանից զատ, ըստ մեր զրուցակցի, պայքարի են դուրս եկել նաև վարորդները, որոնց կեղեքում են տուգանքների բարձրացմամբ, «կարմիր գծերով»:
«Կա համատարած դժգոհություն, սակայն իշխանությունը չի տեսնում, որ հարկերը, գները բարձրացնելով ավելի է մեծացնում այդ դժգոհության ալիքը: Հասարակությունը ընդվզում է և չի ցանկանում գնալ նրա հետևից»,- կարծում է մեր զրուցակիցը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ